Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման հնարավորությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման հնարավորությունը
19.02.2025 | 16:29

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, Էր-Ռիադում ամերիկյան կողմի հետ հանդիպումից հետո, ասուլիս տվեց ու հայտարարեց, որ քննարկել են նաև բոլոր ռազմական կոնֆլիկտներում երկու կողմերի մեջ նախկինում եղած բանակցային ֆորմատների վերականգնումը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջնորդ էր Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, այդ ֆորմատներից ամենաշատը գոյություն ունեցավ: Այն դադարեց ակտիվ գործել միայն այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական բախման հետևանքով խզվեցին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև գրեթե բոլոր դիվանագիտական շփումները:

Հիմա հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ է Ալիևը այդքան համառորեն պահանջում Մինսկի խմբի լուծարումը, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պատրվակներ հորինում, որպեսզի կատարի Իլհամի պահանջը:

ԵԱԿՀ ՄԽ աշխատանքների հնարավոր վերսկսումը կարող է շատ տհաճ անակնկալ լինել Ալիևի ու Փաշինյանի համար, ովքեր միջնորդների բացակայության պայմաններում կարողացել են տարածաշրջանում այնպես խաթարել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, որ դա հիմա բացառապես ձեռնտու է Թուրքիային: Բոլոր մյուս դերակատարները կա՛մ ստիպված են դեռևս հանդուրժել այս արհեստական դասավորվածությունը, կա՛մ հարմար առիթ են փնտրում՝ «հանգստացնելու» այս արկածախնդիր դեսպոտիկներին:

Իհարկե, Թուրքիան հենց այնպես չի հրաժարվի իր համար այդքան շահեկան դասավորվածությունից՝ ակտիվ ներկայություն Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ, Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում: Ավելին, նա Զելենսկու միջոցով կփորձի միջնորդական գործառույթներ ստանալ նաև Ուկրաինայի հարցում, կհիշեցնի Ղրիմի պատկանելության մասին և այլն:

Տեսականորեն հնարավոր է, որ բազմաբևեռ աշխարհի նոր գծագրվող քարտեզի հիմնական «խմբագիրները» Թուրքիայի համար գտնեն համապատասխան «գույնը», սակայն դա մեծապես կախված է նրանից, թե ինչպես կվարվեն Փաշինյանն ու Ալիևը: Չմոռանանք, որ հենց նրանց «անմիջնորդ» բանակցությունների ընթացքում լույս աշխարհ եկավ Ալմա Աթայի հռչակագիրը, ծնվեց Պրահայի հայտարարությունը, որոնց ենթատեքստում հնարավոր դարձավ Արցախի բռնի հայաթափումը և ռուս խաղաղապահների հեռացումն Արցախի տարածքից:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ